![]() |
| Չափսեր՝ 25սմ x 13սմx 13սմ Քաշ՝ 0,33 կգ Մատերիալ՝ բազմափայտ Ձեռքի աշխատանք http://gift.buy.am/hy/tags/payt Հայ գորգագործության պատմությունը |
Հայոց մշակութային համակարգի կարևոր ու ավանդական բնագավառների մեջ առանձնակի տեղ է զբաղեցնում գորգագործական մշակույթը։ Հայաստանում գորգագործությունը՝ իբրև արհեստ զարգացած է եղել դեռս վաղնջական ժամանակներից: Այս մասին են վկայում Արենի 1 քարայրում գտնված գործվածքները, մ. թ. ա. 5-րդ դարի թվագրվող պազիրիկ գորգը, ինչպես նաև հայկական գորգարվեստի մասին մի շարք պատմաբանների կողմից պահպանված հիշատակություններ:
Պատմական աղբյուրներում տեղեկություններ են պահպանվում այն մասին, որ ուրարտացիներն ու հայերը Ասորեստանին, Աքեմենյան Պարսկաստանին և այլ երկրներին մատուցել են գորգեր՝ որպես տուրք:
Պատմական Հայաստանում գորգերն ու կարպետները համարվում էին առաջին անհրաժեշտության իրեր: Դրանք փռում էին հատակին, կախում պատերից և գործածում որպես ծածկոց: Գրեթե բոլոր բնակավայրերում գործում էին կարպետներ՝ քիլիմներ, ծածկոցներ, վարագույրներ, թամբեր, խուրջիններ, վերմակներ, աղի տոպրակներ, ձիու ծածկոցներ և գորգեր: Այս արհեստն այնքան սերտ էր կապված առօրյա կյանքի հետ, որ այն իմանալը պարտադիր էր: Գորգը նաև հայ աղջիկների օժիտի անբաժանելի մասն էր, ուստի վաղ հասակից նրանք սովորում էին այս արհեստն ու գործում իրենց օժիտի գորգերը:
Գորգագործական արվեստը իր ողջ պատմության ընթացքում մեծապես տուժել է արշավանքների, պատերազմների և հարևան տերությունների կողմից վարվող նվաճողական քաղաքականությունից: Պատմական Հայաստանի աշխարհաքաղաքական վայրիվերումների պատճառով կամ եկեղեցական հավաքածուները պարբերաբար թալանվել են, կամ էլ հարկ է եղել դրանց մի մասի նվիրաբերել՝ փրկելու եկեղեցիները թալանից ու ավերումներից:
Ցեղասպանության ընթացքում բազմաթիվ գորգեր կորսվել են՝ եկեղեցիները ոչնչացնելու կամ կողոպտելու պատճառով: Դրանց որոշ մասը վաճառվել է շուկաներում՝ ի վերջո հայտնվելով Արևմուտքում և գտնվելով անհատների մոտ իրենց հավաքածուների կամ օգտագործման նպատակով:
1921 թ. Խորհրդային Ադրբեջանին բռնակցվելուց հետո Արցախում սկսվել է հայաթափման լայնածավալ ծրագրի իրականացում, որի շրջանակում կարևոր տեղ ուներ գորգը՝ մասնավորապես դրանց էթնիկական պատկանելիության հարցը: Դա հատկապաես կանոնավոր ու ծրագրված ընթացք ստացավ 1960-70-ական թվականներից: Բաքվից հատուկ հրահանգներով ուղարկված առանձին գործակալներ շրջում էին Ղարաբաղի հայկական բոլոր գյուղերով ու բնակչությունից հավաքում հին ձեռագործ գորգերը՝ դրանց դիմաց հանձնելով գործարաններում արտադրած նոր ու առանձնակի արժեք չներկայացնող գորգեր: Նման «փոխանակություննե ավելի ճիշտ խաբեության և թալանի ակնհայտ դրսևորում էր: Նաև այդպիսի քաղաքականության շնորհիվ է, որ Բաքվում ստեղծվեց գորգի թանգարան, որով Ադրբեջանն այսօր ներկայանում է աշխարհին որպես թե գորգագործական հին մշակույթ ունեցող ժողովուրդ:
Հիմնականում այս ամենի հետևանքով է, որ հայկական գորգարվեստը տարածում գտավ նաև Եվրոպայի մի շարք անկյուններում: Այսպես, 19-րդ դարի վերջին մի շարք հայ գորգագործներ հաստատվեցին Տրանսիլվանիայի Ղերլա քաղաքում և այդտեղ սկսեցին պատրաստել ու վերականգնել գորգեր: 1915 թ. Ցեղասպանությունից հետո մեծ քանակությամբ հայեր կրկին հաստատվել են Ռումինիայում: Այսպիսով, երկրում ստեղծվել են բազմաթիվ արհեստանոցներ, իսկ 1950-ականներից սկսած՝ նաև գործարաններ:
Չնայած որ գորգը իրականում հայոց պատմամշակութային ժառանգության կարևոր բաղադրամասերից մեկն է, դրա դերն ու նշանակություն առ այսօր լիարժեքորեն ուսումնասիրված և արժևորված չէ: Դժբախտաբար, հայոց գորգագործական մշակույթը կարևորող համապարփակ ուսումնասիրությունների բացակայությունից բացի, դեռևս չկան նաև հայոց բնորոշ գորգերի տիպաբանումներ։ Ու թեև գորգարվեստի ուսումնասիրման պատմությունն արդեն անցել է բավականին երկար ուղի, արևելյան գորգերի համակարգում հայկական գորգերը տակավին գիտականորեն կարևորված չեն:



Комментариев нет:
Отправить комментарий